Իսրայելցի զինվորները տաք հագուստ ու ծածկոցներ են բաժանել Հոլոքոստը վերապրած տարեցներին

10:31   27 Հունվար 2021    152

Երուսաղեմում իսրայելցի զինվորները Հոլոքոստը վերապրածներին ծածկոցներ և տաք հագուստ են բաժանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մեզ կանչեցին Երուսաղեմ ՝ քաղաքապետարանին օգնելու համար: Մեր առաքելություններից մեկը Հոլոքոստը վերապրած տարեց մարդկանց օգնելն էր: Մենք օգնեցինք տաք հագուստ բաժանել: Դա շատ հուզիչ էր», - լրատվական գործակալությանն ասել է ռազմական լոգիստիկ ծառայության մայոր Պավել Բելովը:

Մայորը նշել է, որ այժմ, երբ Երուսաղեմում ջերմաստիճանը կտրուկ իջել է, այս հանդիպումը ոչ միայն օգտակար, այլ նաև խորհրդանշական: Ըստ նրա՝ կարանտինում գտնվող տարեցների համար դա նույնպես կարևոր հանդիպում էր, քանի որ Հոլոքոստը վերապրած մարդկանց համար իսրայելական բանակի զինվորը կարևոր արժեք ունի: Նա հավելել է, որ Հոլոքոստը վերապրածների համար բանակը մի շարք նախագծեր ունի, ինչպես օրինակ «Ծաղիկ Հոլոքոստը վերապրածի համար» ծրագիրը, որի շրջանակներում Հոլոքոստը վերապրած յուրաքանչյուր տարեցի կցված է լինում մեկ զինվոր, ով այցելում է նրան և հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերում:

«Հոլոքոստը վերապրած այս տարեցների շնորհիվ մենք ունենք մեր պետությունն ու ուժեղ բանակը», - ասել է Բելովը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը հունվարի 27-ն է, քանի որ 1945 թվականի հենց այս օրը Կարմիր բանակն ազատագրել է «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը, որտեղ ավելի քան 1.1 միլիոն հրեա է սպանվել: 1947 թվականին համակենտրոնացման ճամբարի տեղում թանգարան է կառուցվել, որը 1979-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները