Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում իր ելույթում, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
Կոչավին ասել է, որ իսրայելական կողմն այդ քայլին է գնացել նրանից հետո, երբ վերջին ամիսներին Իրանը վերսկսել է իր միջուկային ծրագիրը:
«Այս հիմնարար վերլուծության լույսի ներքո ես Իսրայելի Պաշտպանության ուժերին հանձնարարել եմ պատրաստել մի շարք օպերատիվ պլաններ, ի լրումն արդեն գործողների», - ասաց Կոչավին:
Զինվորականը նշել է, որ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն: Սա ակնհայտորեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ազդանշան է` Իրանի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերության հարցում զգույշ լինելու համար:
«2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալը` նույնիսկ մի քանի բարելավումներով, գործնական և ռազմավարական տեսանկյունից վատ է և սխալ», - ասել է Կոչավին:
Իսրայելի ռազմական շտաբի պետի կողմից` ամերիկյան քաղաքականություն մշակելու վերաբերյալ նման դիտողությունները հազվադեպ են և, հավանաբար, նախապես հաստատվել են Իսրայելի կառավարության կողմից:
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը 2018 թվականին դուրս էր բերել Միացյալ Նահանգները Իրանի միջուկային համաձայնագրից (JCPOA), որից հետո Իրանն աստիճանապարհ սկսել էր խախտել համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները:
Քվինսի ինստիտուտի վերլուծաբան Տրիտա Փարսին ասել է, որ Կոչավիի խոսքերը պարզ ուղերձ էին Բայդենին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հաստատակամ դաշնակից Թրամփը հեռացել է պաշտոնից:
«Անգամ նախքան Բայդենի պաշտոնավարումը, Նեթանյահուի կառավարությունը ծայրաստիճան ագրեսիվ էր արձագանքել Բայդենի` միջուկային գործարքին վերադառնալու մտադրությանը: Նեթանյահուի նախարարներից մեկը հրապարակավ ասաց, որ եթե ԱՄՆ-ն միանա միջուկային գործարքին, ինչը, ըստ Բայդենի, բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, Իսրայելը պատերազմ կսկսի: Սա շատ լուրջ է այս փուլում»,-ասե; է վերլուծաբանը:
Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել էր Դոնալդ Թրամփի կողմից Միացյալ Նահանգները միջուկային համաձայնագրից դուրս բերելուց հետո: Անցյալ հունվարին ԱՄՆ-ի ավիացիայի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել էր Իրանի իսլամական պահապանների կորպուսի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, իսկ նոյեմբերին Իսրայելի կողմից սպանվել էր Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսրայել
Իրան