Լեսբոս կղզում 20 միլիոն տարի առաջ քարացած ծառ է հայտնաբերվել

18:43   27 Հունվար 2021    384

Էգեյան ծովի հյուսիս-արևելքում տեղակայված հրաբխային Լեսբոս կղզում հույն գիտնականները գտել են լավայից քարացած հազվագյուտ ծառ, որի ճյուղերը և արմատները 20 միլիոն տարի հետո էլ անվնաս են:

Հաղորդում է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Ծառը հայտնաբերվել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում միլիոնավոր տարիներ առաջ լավայից քարացած հին անտառի հարևանությամբ Արևելյան Միջերկրական ծովի կղզում ու տեղափոխվել տեղանքից մետաղական հարթակի միջոցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1995 թվականին պեղումներն սկսվելուց ի վեր առաջին անգամն է, որ ծառ է հայտնաբերվում այդքան լավ վիճակում։ Այս մասին ասել է Լեսբոսի քարացած անտառի Բնության պատմության թանգարանի պրոֆեսոր Նիկոս Զուրոսը՝ շեշտելով, որ սա եզակի գտածո է։

«Այն պահպանված է գերազանց վիճակում, ու քարացած փայտը ուսումնասիրելուց հետո մենք կկարողանանք պարզել, թե ինչ տեսակի բույս է»,- նշել է նա։

Լեսբոսի քարացած անտառը զբաղեցնում է 15 հազար հեկտար տարածք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո է։ Անտառի քարացումը 20 միլիոն տարի առաջ հրաբխային ժայթքման հետևանք է։

Քարացած ծառը, որի երկարությունը մոտ 19 մետր է, պահպանվել է հրաբխային մոխրի հաստ շերտի մեջ ընկնելուց հետո: Նույն տեղում հայտնաբերվել են մեծ քանակությամբ պտղատու ծառերի տերևներ, իսկ ընդհանուր տարածքում՝ կենդանիների ոսկորներ:

«Պեղումների ընթացքում հայտնաբերվում են տարբեր անտառներ, որոնք գոյություն են ունեցել Լեսբոսում 17-20 միլիոն տարի առաջ, և մենք կարող ենք վերակառուցել այդ ժամանակահատվածում գոյություն ունեցած էկոհամակարգը», - հավելել է հնագետ Զուրոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեսբոս  


Վերնագիրի այլ պիտակները