Ռաաբը զինվորականներին կոչ է արել «մի կողմ քաշվել» և հարգել Մյանմայի ժողովրդավարական գործընթացը:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ առնվազն երկու մարդ է զոհվել՝ հեղաշրջման դեմ բողոքի ակցիաների ընթացքում։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել է․ «Մենք կքննարկենք հետագա գործողությունները մեր միջազգային գործընկերների հետ դեմոկրատիան ջախջախողների և այլախոհությունը խեղդողների դեմ»:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առջև՝ Դոմինիկ Ռաաբն ասել է, որ Մյանմայում իրավիճակը վատթարանում է և հավելել, որ Մարդու իրավունքների խախտումները և չարաշահումները «լավ փաստաթղթավորված» են: Ելույթի ընթացքում նա կոչ է արել վերանայել իրավիճակն ու միջամտել, ինչպես նաև անդրադարձել է Ռուսաստանում առկա իրավիճակին։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թվականին` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին փոխարինելու նպատակով, որը լայն քննադատության է ենթարկվել` թույլ տալով, որ մարդու իրավունքների տեսանկյունից վատ տվյալներ ունեցող երկրներն անդամագրվեն հանձնաժողովին:
Խորհուրդը տարեկան երեք անգամ հանդիպում և վերանայում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններում մարդու իրավունքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ստեղծում է հետաքննող հանձնաժողովներ` զեկուցելու Մարդու իրավունքների խախտումների մասին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մյանմարը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Բուրունդը և Հարավային Սուդանը:
Հիշեցնենք, որ Մյանմարում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Զինվորական հեռուստատեսությունը հաղորդել էր երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին: Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մյանմա