Պոմպեյում վերականգնել են ավելի քան 2000-ամյա հազվագյուտ որմնանկարը

19:10   01 Մարտ 2021    128

Հնագետները լազերային տեխնոլոգիայի օգնությամբ վերականգնել են 79 թվականին Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով մոխրի տակ անցած հռոմեական Պոմպեյ քաղաքի ավերակներում հայտնաբերված ամենագեղեցիկ որմնանկարներից մեկը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, «Ցեի տուն» կոչվող կառույցի ավերակները հայտնաբերվել էին 1913-1914 թվականներին: Գիտնականների կարծիքով՝ տունը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում և ծառայել է որպես տեղի դատավորի նստավայր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որմնանկարը , որը հնագետները վերականգնել են, զարդարում էր շքեղ տան հետևի պատը: Այն պատկերված է եղել «հին հռոմեական գեղանկարչության երրորդ ոճով», որը տարածված է եղել մ.թ.ա. 20-10 թթ.:

Վերականգնված նկարում հստակ երևում է վայրի կենդանիների՝ առյուծի, ընձառյուծի, ցուլի, վարազի մասնակցությամբ որսի տեսարանը, որոնք հարձակվում են եղջերուի վրա:

«Այս որմնանկարը յուրահատուկ է դարձնում այն հանգամանքը, որ այն ամբողջական է: Դա հազվագյուտ երևույթ է նման մեծության նկարի համար»,- ասել է Պոմպեյի հնագիտական այգու տնօրենի պաշտոնակատար Մասիմո Օսանան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր Պոմպեյում հայտնաբերված և գրեթե ամբողջությամբ պահպանված քառանիվ կառքի մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեյ  


Վերնագիրի այլ պիտակները