Իսրայելի գնահատականներով՝ իր հարյուրավոր քաղաքացիներ կարող են ռազմական հանցագործությունների հետաքննության օբյեկտ դառնալ

08:06   03 Մարտ 2021    175

Իսրայելի գնահատականներով՝ իր հարյուրավոր քաղաքացիներ կարող են ռազմական հանցագործությունների հետաքննության օբյեկտ դառնալ Միջազգային քրեական դատարանի կողմից, որի իրավասությունը նա մերժում է:



Այս մասին Reuters-ին հայտնել է պաշտպանության նախարար Բենի Հանցը:

Անցած ամիս ՄՔԴ-ը որոշել է, որ իրավասություն ունի գրավյալ Արեւմտյան ափի, Գազայի հատվածի եւ արեւելյան Երուսաղեմի նկատմամբ: Որոշումը կարող է հանգեցնել Իսրայելի ու պաղեստինցի զինյալների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ քրեական հետաքննության, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսրայելը դատարանի անդամ չէ ու մերժում է նրա իրավասությունը, եւ այս դիրքորոշմանը սատարում է նրա մերձավոր դաշնակից ԱՄՆ-ը: Պաղեստինցիները ողջունել են այս որոշումը՝ որպես իսրայելական հարձակումների զոհերի համար արդարության հնարավորություն:

Հանցն այս որոշումն անվանել է «բացասական իրադարձություն»: «Մենք ունենք մեր սեփական թիմերը, որոնք աշխատում են տարբեր վայրերում, որպեսզի փորձեն ազդել ՄՔԴ-ի վրա»:

Հանցը զինված ուժերի շտաբի պետ է եղել 2014-ին Գազայի հատվածում Իսրայելի ու գրոհայինների միջեւ պատերազմի ժամանակ: ՄՔԴ-ն այս հակամարտությունը ճանաչել է որպես պոտենցիալ խնդիր, որը պահանջում է հետաքննություն:

Reuters-ի այն հարցին, թե քանի իսրայելցու, այդ թվում` իրեն, կարող է ձերբակալություն սպառնալ, Հանցը պատասխանել է. «Կարծում եմ` մի քանի հարյուր, բայց մենք բոլորի մասին հոգ կտանենք»: Հանցը դա անվանել է «գնահատական»՝ հրաժարվելով ասել, թե արդյոք Իսրայելը կազմել է պաշտոնատար անձանց ցուցակը: Նրա խոսքով՝ Իսրայելը իրավաբանական օգնություն կտրամադրի ներգրավված բոլոր իսրայելցիներին եւ անհրաժեշտության դեպքում կզգուշացնի նրանց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները