Reuters-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երկրի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Նշվում է՝ փետրվարին Միջազգային քրեական դատարանը որոշում էր կայացրել, ըստ որի՝ այն իրավասություն ունի գրավյալ Արևմտյան ափի, Գազայի հատվածի, ինչպես նաև արևելյան Երուսաղեմի նկատմամբ: Նշվում է՝ այս որոշումը կարող է հանգեցնել Իսրայելի ու պաղեստինցի զինյալների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի դեմ քրեական հետաքննության:
Իսրայելը Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, երկիրը մերժում է դրա իրավասությունը, և այս դիրքորոշմանը սատարում է նրա մերձավոր դաշնակիցը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ինչ վերաբերում է պաղեստինցիներին, ապա նրանք ողջունել են այս որոշումը՝ որպես իսրայելական հարձակումների զոհերի համար արդարության հնարավորություն:
Երկրի ՊՆ նախարարի խոսքով՝ այս որոշումը «բացասական իրադարձություն» է:
«Մենք ունենք մեր սեփական թիմերը, որոնք աշխատում են տարբեր վայրերում, որպեսզի փորձեն ազդել դատարանի վրա»,- հայտնել է նա։
Հիշեցնենք՝ Գանցը զբաղեցրել է զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը 2014-ին Գազայի հատվածում Իսրայելի ու գրոհայինների միջև պատերազմի ժամանակ: Դատարանն այս հակամարտությունը ճանաչել է որպես պոտենցիալ խնդիր, որը պահանջում է հետաքննություն:
Այն հարցին, թե քանի իսրայելցու, այդ թվում` իրեն, կարող է ձերբակալություն սպառնալ, Գանցը նշել է, որ «մի քանի հարյուր, բայց իրենք բոլորի մասին հոգ կտանեն»:
Ըստ Գանցի՝ սա միայն «գնահատական է»։ Այնուամենայնիվ, քաղաքական գործիչը հրաժարվել է հայտնել, թե արդյոք Իսրայելը կազմել է պաշտոնատար անձանց ցուցակը: Նրա խոսքով՝ Իսրայելը իրավաբանական օգնություն կտրամադրի ներգրավված բոլոր իսրայելցիներին և անհրաժեշտության դեպքում կզգուշացնի նրանց:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իսրայել