Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պատերազմ են «բեմադրել» Նորվեգիայի ափերի մոտ

15:52   03 Մարտ 2021    228

Անցյալ շաբաթ Հեռավոր հյուսիսը դարձել էր Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանական ռազմական գործողությունների գոտի, գրում է Forbes պարբերականը:

Երկու բանակները յուրատեսակ մենամարտ են կազմակերպել այս տարածաշրջանում, նշում է հոդվածագիր Դևիդ Էքսը:

Նորվեգիայի, Կանադայի և Գերմանիայի ռազմանավերը, F-35 կործանիչները և ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-1 ռմբակոծիչները վարժանքներ էին անցկացնում Նորվեգիայի արևմտյան ափին: Նրանք մշակում էին էլեկտրոնային պատերազմի և թշնամու հականավային հրթիռների ոչնչացման խնդիրները:

ՆԱՏՕ-ի Dynamic Guard զորավարժություններին ահռելի ուժեր էին մասնակցում. կանադական նավատորմի «Հալիֆաքս» ֆրեգատը և Նորվեգիայի ռազմածովային ուժերի «Ստեյլ», «Սթորմ» ռազմանավերը: «Սպեսարտ» գերմանական լցանավը, իր հերթին, նրանց աջակցություն է ցուցաբերել: Երկու ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչներ թռչել են Նորվեգիայի կենտրոնում գտնվող ավիաբազայից՝ զորավարժություններին մասնակցելու համար:

Զորավարժությունները հաստատել են դիտորդների ենթադրություններն առ այն, որ ԱՄՆ-ն իր ինքնաթիռները տեղակայել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ ծովային մարտերի դեպքում գործողություններ կատարելու համար, գրում է հեղինակը: B-1 ինքնաթիռներն իրենց նոր՝ 500 կիլոմետր հեռահարության հրթիռներով, կլինեն թշնամու նավերը ոչնչացնելու ամենահզոր միջոցներից: F-35 կործանիչները կծածկեն ռմբակոծիչները հակառակորդի օդային հարձակումներից:

Զգալի դեր կունենան նաև ՆԱՏՕ-ի սուզանավերը: Նրանց խնդիրն է հայտնաբերել և հարձակվել ռուսական նավերի վրա և պաշտպանել իրենց սեփական նավերը հակառակորդի սուզանավերի հարձակումներից:

«Զարմանալի չէ, որ մինչ ՆԱՏՕ-ի նավերն ու օդանավերը վարժանքներ էին անցկացնում Նորվեգիայի արևմտյան ափերի մոտ, ռուսական նավատորմը զորավարժություններ էր անցկացնում երկրի արևելյան ափերի մոտ»,-նշում է հեղինակը:

Ռուսական հզոր հրթիռային հածանավ «Մարշալ Ուստինով»-ը հարվածային փորձեր էր կատարում ՆԱՏՕ-ի սուզանավերի դեմ: Այն Բարենցի ծով էր մտել Սևերոմորսկից: Նավը փոխգործակցություն էր մշակում սուզանավի և հականավային ավիացիայի հետ, իրականացնում էր սուզանավի ուսումնական որոնում և հետևում, ինչպես նաև կրակում էր ծովային հականավային զենքով:

Զորավարժություններն ավարտելուց հետո կրեյսերը վերադարձել է Սևերոմորսկ, բայց դա արել է շրջանցիկ երթուղով: Աշխարհի ամենահզոր վերգետնյա նավերից մեկը շարժվել է դեպի հարավ ՝ դեպի Վարանգեր ֆյոիդ, որով անցնում է ռուս-նորվեգական ծովային սահմանը: «Մարշալ Ուստինով»-ը շեղվել է հարավ՝ ամերիկյան B-1 ռմբակոծիչների Նորվեգիա ժամանմանը զուգահեռ:

«Վերջերս մենք այդպիսի անցում չէինք տեսել Ռիբաչիյ թերակղզու արևմուտք տանող երթուղու երկայնքով»,-ասել է Նորվեգիայի զինված ուժերի միացյալ շտաբի մամուլի խոսնակ, մայոր Բրինյար Ստորդալը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Forbes  


Վերնագիրի այլ պիտակները