Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել

19:13   03 Մարտ 2021    189

Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է:

Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:

Փետրվարի 2-ին դատարանը չեղյալ էր հայտարարել նրա պայմանական պատժաչափը «Իվ Ռոշե»-ի գործով և փոխարինել այն իրական դատավճռով, այն է՝ 3,5 տարվա ազատազրկում: Նշենք՝ ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին` Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում: Օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապօգնության հիվանդանոց:

Երկու օր անց Նավալնիի ընտանիքի պահանջով նրան տեղափոխել էին Բեռլին։ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարել էր, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն ցանկացել են թունավորել ՌԴ գործող իշխանությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները