«Վճռական եմ տրամադրված». Սարկոզին չի բացառել իր դատավճռի հարցով ՄԻԵԴ դիմելը

19:59   03 Մարտ 2021    196

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը Փարիզի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար, չի բացառել, որ կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Նա իր մտադրությունների մասին հայտարարել է երեքշաբթի Le Figaro թերթին տված հարցազրույցում, որն առաջինն էր իր գործով դատավարությունն ավարտելուց հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես արդեն բողոքարկել եմ այս դատավճիռը: Գուցե անհրաժեշտ լինի շարունակել այս պայքարը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասել է նա: Սարկոզին, որը ղեկավարում էր Ֆրանսիան 2007-ից 2012 թվականներին, ընդգծել է նաև, որ «աջակցության բազմաթիվ վկայություններ է ստացել ֆրանսիացի և օտարերկրյա դիտորդներից, որոնք մտահոգված են կատարվածով»:

Նա նշել է, որ «այս պայքարը երկար կլինի»: «Ես վճռական եմ տրամադրված պայքարելու իրավունքի և արդարության հաղթանակի համար, ինչպես որ դա պետք է լինի իրավական պետությունում», -շեշտել է Ֆրանսիայի նախկին նախագահը:

Միևնույն ժամանակ, Սարկոզին դատապարտել է իր նկատմամբ սահմանված հսկողությունը, որը ֆրանսիական արդարադատությունն իրականացնում էր ավելի քան 6 ամիս: «Ո՞ր այլ ժողովրդավարության պայմաններում կարող էին 7 ամսվա ընթացքում վերահսկվել ընդդիմության առաջնորդին, որն այն ժամանակ ես էի»,-նկատել է նախկին նախագահը: Սարկոզիի խոսքերով ՝ քննիչները գաղտնալսել են նրա հեռախոսային խոսակցություններից առնվազն 4500-ը, այդ թվում՝ փաստաբան Թիերի Էրզոգի հետ:

Հիշեցնենք, որ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական:

Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի և ազդեցության առևտրի համար: Նա դարձել է հանրապետության առաջին նախկին ղեկավարը, որն իրական ազատազրկման ժամկետ է ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները