Չինական արտահանման ծավալները գրանցել են 60-տոկոսանոց ռեկորդային աճ համավարակի ֆոնին

08:06   08 Մարտ 2021    238

Ընթացիկ տարվա սկզբում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից ռեկորդային տեմպերով է վերականգնվել չինական արտահանումը:

2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխարհում մեծությամբ երկրորդ տնտեսության արտահանումն անսպասելիորեն աճել է 60,6 տոկոսով, վկայում են ՉԺՀ մաքսային վարչության տվյալները, հաղորդում է DW-ը:

Չինական արտահանման սրընթաց վերականգնմանը նպաստել է այն, որ հենց Չինաստանն է արտադրում բազմաթիվ ապրանքներ, որոնք համավարակի պայմաններում վայելում են համաշխարհային պահանջարկ՝ բժշկական սարքավորում, օրինակ, պաշտպանիչ դիմակներ կամ նոթբուքներ եւ մոնիթորներ տնային պայմաններում աշխատելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փորձագետներն ակնկալում էին չինական արտահանման աճ, սակայն ոչ այդ չափի. նրանք կանխատեսում էին 38,9 տոկոսի մակարդակում առաջխաղացում: Միայն փետրվարի ընթացքում ՉԺՀ-ից արտահանումն աճել է 154,9 տոկոսով: ՉԺՀ-ի մաքսային կառույցում ծառայությունից նշել են, որ չինական արտահանման սրընթաց աճին նպաստել է նաեւ ԵՄ երկրներում եւ ԱՄՆ-ում տնտեսության վերականգնումը:

Չինական արտահանման համար եւս մեկ դրական գործոն է այն, որ ՉԺՀ-ից բազմաթիվ ընկերություններ 2021 թվականին շարունակել են արտադրությունը նաեւ չինական ամանորյա տոներին, քանի որ բազմաթիվ աշխատակիցներ համավարակի պատճառով հրաժարվել են արձակուրդներից:

ՉԺՀ-ում հունվար-փետրվար ամիսներին ներկրումը եւս գրանցել է անսպասելի աճ՝ տարեկան 22,2 տոկոս: Վերլուծաբանները կանխատեսել են միայն 15-տոկոսանոց աճ:

2020 թվականին Չինաստանն աշխարհում միակ խոշոր տնտեսությունն էր, որն աճ էր գրանցել համավարակի ֆոնին: Անցած տարի ՀՆԱ աճը կազմել է 2,3 տոկոս (1976 թվականից ի վեր ռեկորդային ցածր ցուցիչ է) կոշտ միջոցառումների համեմատաբար արագ ընդունման արդյունքում, որոնք թույլ են տվել խուսափել վարակման երկրորդ ալիքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները