Հուսիթները բազմաթիվ հարվածներ են հասցրել Ս. Արաբիային, այդ թվում՝ նավթային օբյեկտներին

12:45   08 Մարտ 2021    222

«Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժումը մարտի 7-ին բալիստիկ հրթիռներով և ականապատ անօդաչուներով հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքին, այդ թվում՝ Saudi Aramco նավթային ընկերության օբյեկտներին։

TASS գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ապստամբների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան:

«Հրթիռային անձնակազմը և ռազմաօդային ուժերը կարողացել են հարձակողական խոշոր գործողություններ իրականացնել ՝ օգտագործելով 14 անօդաչու թռչող սարք և 8 բալիստիկ հրթիռ», – ասել է նա:

Նրա խոսքով՝ հարվածը, մասնավորապես, հասցվել է Ռաս-Թանուրում գտնվող Saudi Aramco-ի ենթակառուցվածքներին. այն հանդիսանում է նավթի բարձման աշխարհի ամենամեծ նավահանգիստներից մեկը: Բացի այդ, ըստ Սարիայի, հարձակման են ենթարկվել նաև «ռազմական թիրախներ» Դամամի շրջանում և Ասիրի և Ջիզանի նահանգներում:

Գեներալը նաև հիշեցրել է, որ այդ հարձակումները թվով վեցերորդ «զսպման և հավասարակշռման գործողությունն» էին՝ իրականացված ի պատասխան Եմենի շրջափակման։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ կարողացել է կասեցնել հարվածները։ Ի պատասխան այս հարձակումների՝ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիան հայտարարել է հուսիթների դիրքերին օդային հարվածներ հասցնելու հատուկ գործողության մեկնարկի մասին։ Այս հայտարարությունից հետո Եմենի մայրաքաղաքին է հասցվել առնվազն 7 ավիահարված։ Ըստ հաղորդագրությունների՝ Մարիբի նահանգում ոչնչացվել է ՀՕՊ համակարգերից մեկը։

Եմենում 2014 թ.-ի օգոստոսից շարունակվում է առճակատումը կառավարական ուժերի և զինված ապստամբ խմբավորումների միջև: Առճակատումը հատկապես լարվել է այն բանից հետո, երբ 2015 թ.-ի մարտին Եմեն մտավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: Ավելի քան վեց տարի տևած հակամարտությունը ստեղծել է աշխարհում ամենախոշոր հումանիտար ճգնաժամը: ՄԱԿ-ի տվյալներով ՝ ավելի քան 24 միլիոն եմենցի՝ երկրի բնակչության մոտավորապես 80% -ը, մարդասիրական օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը գերազանցում է 3 միլիոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Saudi-Aramco  


Վերնագիրի այլ պիտակները