Qatar Airways. Ուղեւորների պատվաստումների անձնագրերը մոտ ապագայի թրենդն են

09:04   07 Ապրիլ 2021    163

Qatar Airways-ի գործադիր տնօրենը նշել է, որ ուղեւորներից, ամենայն հավանականությամբ, Covid-ի դեմ պատվաստման վկայագիր կպահանջվի, հաղորդում է CNBC-ն:

Մերձարեւելյան ավիաընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ Covid-19-ի դեմ պատվաստումների պահանջը, ամենայն հավանականությամբ, թրենդ կդառնա ավիաընկերությունների շրջանում, քանի որ ոլորտը փորձում է վերականգնվել կորոնավիրուսի համավարակի ազդեցությունից: «Կարճաժամկետ հեռանկարում, կարծում եմ, պատվաստումների անձնագիրն օգտակար կլինի ինչպես կառավարությունում, այնպես էլ ուղեւորների մեջ վստահություն ներշնչելու համար»,- ասել է Qatar Airways Group-ի գործադիր տնօրեն Աքբար Ալ-Բաքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարցին՝ արդյո՞ք պատվաստումներն «անհրաժեշտություն» կդառնան թռիչքի համար, Ալ Բաքերն ասել է, որ նախ դա միտում կլինի, քանի որ աշխարհը պետք է բաց լինի, մարդիկ պետք է վստահ լինեն օդային ուղեւորությունների անվտանգության մեջ: Պատվաստման անձնագրերը նախաձեռնվել են մի շարք կառավարությունների եւ արդյունաբերությունների կողմից, եւ դրանց կողմնակիցները պնդում են, որ այն ողեւորություններն ավելի անվտանգ կդարձնի: Քննադատները վստահ են, որ դա կարող է սրել անհավասարությունն այն երկրներից մարդկանց շրջանում, որոնք դեռ հետ են մնում բնակչության պատվաստման հարցում: Ալ-Բաքերի հետ զրույցը տեղի է ունեցել Qatar Airways-ի՝ Covid-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղեւորներով առաջին թռիչքի գործարկման կապակցությամբ:

Սակայն ավիաընկերությունը չի պատրաստվում պարտադրել բոլոր ուղեւորներին պատվաստել: Հիշեցնենք, որ Qatar Airways-ը, ինչպես եւ շատ ուրիշներ, ծանր հարված էր ստացել, երբ համավարակի առաջին մի քանի ամիսներին ավիափոխադրումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել էին: Ալ-Բաքերը վստահություն է հայտնել, որ իր ավիաընկերությունը կվերականգնվի: Ներկայումս Qatar Airways-ը վերակառուցում է իր ցանցը, որպեսզի մինչեւ ամառ պատրաստ լինի շաբաթական 1200 թռիչք իրականացնել ավելի քան 140 ուղղություններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Qatar-Airways  


Վերնագիրի այլ պիտակները