«Amnesty International»-ը հայտարարել է համավարակի պատճառով մարդու իրավունքների խախտումների մասին

16:28   07 Ապրիլ 2021    190

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համավարակի ընթացքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացման մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Amnesty International-ի ապրիլի 6-ին հրապարակված զեկույցում:

Իրավապաշտպանների կարծիքով, ամենաշատը տուժել են կանայք, ԼԳԲՏ անձինք, փախստականները, աշխատանքային միգրանտները, առողջապահության ոլորտի աշխատողները, ստվերային տնտեսությունում ներգրավված մարդիկ:
«COVID-19-ի համավարակը կտրուկ բացահայտել է և սրել անհավասարությունները երկրների ներսում և նրանց միջև, ինչպես նաև ցույց է տվել մեր առաջնորդների կողմից համամարդկային արժեքների ակնհայտ անտեսումը»,- ասել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Քալամարը:

Տեքստում ասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների իշխանությունները համավարակն օգտագործում են իրենց լիազորությունների ընդլայնման, ազատությունները ճնշելու և մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններն անտեսելու համար:

Բացի այդ, զեկույցի հեղինակները պնդում են, որ համավարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել բազմաթիվ երկրներում, և առնվազն տաս պետություններ շեղվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Amnesty-International  


Վերնագիրի այլ պիտակները