Արմավիրում բողոքի ակցիա կանեն

16:22   12 Հուլիս 2017    274

Արմավիր մարզի Մրգաշատ համայնքի բնակիչները կրկին բողոքի են դուրս գալու․ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր ունեն, նրանք մինչև վաղը կսպասեն, եթե ոռոգման ջուր չունենան, ապա մտադիր են փակել միջպետական ճանապարհը։

«Ամբողջ Մրգաշատը, Սովետականը (նկատի ունի Ալաշկերտ համայնքը․- հեղ․), Երկրորդ սովխոզ (Մյասնիկյան համայնքը), Խանջյանը, Նորավանքը, ոչ մի տեղ ջուր չկա։ Բույսը ղեկավարներից խելոք է, սաղ ձմերուկները ծուռ են աճում»․- hraparak.am-ի հետ զրույցում ասաց Մրգաշատ համայնքի բնակիչներից մեկը, ում տեղեկացմամբ՝ արդեն 10 օր է ոռոգման ջուր չունեն, բույսերը թոշնել են։ Մենք հետաքրքրվեցինք, թե այս խնդրով ո՞ւմ են դիմել․ «Ջրային տնտեսություն ենք դիմել, հազար տեղ դիմել ենք։ Կլոր տարին նույն վիճակն է»։

Տեղեկացնենք, որ Մրգաշատ համայնքի «ապստամբներն» առաջին անգամ չէ, որ այս խնդիրը բարձրացնում են ճանապարհ փակելու միջոցով։ Նրանք անցյալ ամիս ևս միջպետական ճանապարհը փակել էին, պատկան մարմինները, սակայն, լուծել էին խնդիրը, ինչպես երևում է՝ ժամանակավոր։ Նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել տարիներ առաջ, սակայն գյուղացիների բերքն արդեն փչացել էր, այդ ժամանակ նրանք վնասի փոխհատուցում էին պահանջել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները