Քաթարի ԶԼՄ-ների վրա կիբերհարձակումը կազմակերպվել է ԱՄԷ-ում. WP

17:32   17 Հուլիս 2017    362

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Washington Post-ին, Քաթարի պետական լրատվական գործակալության վրա կիբերհարձակումը, որը ճգնաժամ է հրահրել տարածաշրջանում, կազմակերպվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից:

Ամերիկյան հետախուզական ծառայության աշխատակիցները վերլուծել են տեղեկությունը և հաստատել, որ ԱՄԷ կառավարության բարձրաստիճան անդամները մայիսի 23-ին քննարկել են հաքերային հարձակման ծրագիրը և դրա իրականացումը:

Կիբերհարձակումն իրականացվել է մայիսի 24-ին: Այնուամենայնիվ, չի պարզվել, թե արդյոք այն իրականացվել է ԱՄԷ-ի կողմից, թե նրանք դիմել են մեկ այլ կողմի, նշում են ամերիկացի պաշտոնյաները:

Քաթարի և տարածաշրջանում նրա հարևանների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել Էր Ռիադում Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ Քաթարական լրատվական գործակալությունը հրապարակել է երկրի էմիրի անունից կեղծ ելույթ, որում նա աջակցություն էր հայտնում Իրանի հետ երկխոսության հաստատմանը, այն անվանում էր «իսլամական ուժ» և գովասանք էր հայտնում Համասին:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան:

Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնն ավելի ուշ Քաթարին են ներկայացրել 13 կետից բաղկացած ցանկ՝ պահանջելով խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել Քաթարում իր ռազմաբազայի տեղակայման հարցը, իսկ այն փակելու ցանկացած պահանջ կհամարվի Քաթարի հետ Անկարայի հարաբերություններին միջամտություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաթար   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները