Facebook-ը գաղտնի գործարկել է հավելված Չինաստանում

11:55   12 Օգոստոս 2017    299

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The New York Times-ին, Facebook ընկերությունը լուսանկարների փոխանակության համար սեփական բջջային հավելվածն է գաղտնի գործարկել Չինաստանում, որտեղ արգելափակված է այդ սոցցանցը։

Պարբերականի տվյալներով, հավելվածն ունի Colorful Balloons անվանումն ու ներկայացվել է Չինաստանում տեղական ընկերության կողմից։ Նման քայլը թույլ է տվել քողարկել այն փաստը, որ իրականում այդ հավելվածը Facebook-ն է մշակել, գրում է թերթը։

Չինաստանում հավելվածի գաղտնի գործարկման փաստը ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել։

Ամերիկյան սոցցանցը բազմիցս հայտնել է, որ շահագրգռված է մուտք ունենալ Չինաստանի համացանցային տարածք։ Համացանցի օգտատերերի քանակը այնտեղ, անցած տարվա տվյալներով, գերազանցում էր 700 մլն-ը։ Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են մայրցամաքային Չինաստանում թույլատրել սոցցանցի գործարկումն այն պայմանով, որ ընկերությունը կկատարի երկրի օրենսդրությունը։

Չինաստանում գործում է համացանցի կոշտ կանոնակարգում, այդ թվում կոնտենտի զտման հատուկ մեխանիզմ։ Երկրում այս պահին արգելափակված են Google, Twitter, YouTube, Instagram ծառայությունները ու մի շարք համաշխարհային լրատվամիջոցների՝ այդ թվում The New York Times, The Wall Street Journal ու Bloomberg-ի կայքերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները