Իսպանիայի թագավորական զույգն այցելել է ահաբեկչությունից հետո հիվանդանոցում գտնվող վիրավորներին- Լուսանկարներ

19:32   19 Օգոստոս 2017    264

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիսիան հիվանդանոցում այցելել են Բարսելոնայի ահաբեկչության ժամանակ վիրավորվածներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Բարսելոնան չի եղել և չի լինի միայնակ, նրան աջակցում է ողջ Իսպանիան: Այդ հարձակումը, այդ սպանությունը բոլորին է ցնցել»,- հայտարարել է երկրի ղեկավարը:

«Մենք չենք վախենում», - ասել է նա կատալոներեն: Այդ խոսքը կարգախոսի է վերածվել Իսպանիայում ահաբեկչական հարձակումներից հետո:

Ֆելիպե VI-ն ու Լետիսիան զրուցել են ինչպես տուժածների, այնպես էլ բուժանձնակազմի հետ: Երեկոյան նրանք կայցելեն ահաբեկչության վայրը՝ Լա Ռամբլա փողոցը, ուր մարդիկ ծաղիկներ են բերում՝ ի հիշատակ ահաբեկչության ժամանակ զոհվածների:

Բարսելոնայի և Տարագոնայի հիվանդանոցներում 54 մարդ է շարունակում բուժում ստանալ: Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ահաբեկիչը միկրոավտոբուսով մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով 15 մարդ էր զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել, նրանց թվում՝ 34 երկրի քաղաքացի: Զոհվածների թվում են Իսպանիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի, Բելգիայի, Արգենտինայի քաղաքացիներ:




Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   ԴԱԻՇ   Տեռոր   Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները