ԼՂ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա. Էնդրյու Շեֆեր

12:51   19 Սեպտեմբեր 2017    471

ԵԱՀԿ Մինկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հիմք կապահովի նախագահների հանդիպման համար:

«Որպես Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ ես կշարունակեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում ներկայացնել Միացյալ Նահանգները: Սպասում եմ իմ գործընկեր համանախագահներ դեսպան Պոպովի (Ռուսաստան) և դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկի հետ աշխատանքին: Հատկապես սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Նյու Յորքում մյուս համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իմհանդիպումներին: Հուսով ենք, որ այս հանդիպումները հիմք կապահովեն ամենաբարձր մակարդակում բարեխիղճ բանակցությունների անհապաղ վերսկսման համար», - Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց Է.Շեֆերը:

Հիշեցնենք, որ nախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին: Նախատեսված են նախագահի երկկողմ հանդիպումներ: Միացյալ Նահանգներում է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ամերիկացի համանախագահի խոսքով, Միացյալ Նահանգները պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումը և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ կշարունակի կողմերի հետ ակտիվորեն աշխատել:

«Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասարիրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Սակայն անշուշտ, խաղաղության պատասխանատվությունն ի վերջո իրենց ուսերին են կրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Է.Շեֆերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԼՂ   ԵԱՀԿ   Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները