20 միլիոն տարի հետո Եվրասիան կարող է բաժանվել երկու մասի

16:44   20 Սեպտեմբեր 2017    251

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի երկրաբանության եւ մանրէաբանության ինստիտուտի և Նովոսիբիրսկի պետական համալսարանի գիտնականները Բայկալի լեռնային գոտու համապարփակ ուսումնասիրություն են անցկացրել եւ պարզել, որ Եվրասիա մայրցամաքը կարող է բաժանվել երկու մասի, իսկ լիճը 20 միլիոն տարի հետո կվերածվի օվկիանոսի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի «Գիտությունը Սիբիրում» պաշտոնական պարբերականը։

«Բայկալի լեռնային գոտին, որը երկրակեղեւի հսկայական ճեղքվածք է, աստիճանաբար ընդլայնվում է: Իջվածքների հատակները տարեկան խորանում են 3-4 մմ, իսկ լեռները լճի շուրջ տարեկան աճում են 5-6 մմ: Եթե գեոդինամիկ իրավիճակը չփոխվի, ապա 20 միլիոն տարվա ընթացքում խոշոր մայրցամաքը կրկին կբաժանվի երկու մասի, իսկ Բայկալի տեղում կհայտնվի նոր օվկիանոս», - ասվում է հաղորդագրության մեջ։

Գիտնականները վերլուծել են իջվածքային հատվածում նստվածքային կուտակումների գործընթացները եւ եկել այն եզրակացության, որ 5-7 մլն տարի առաջ տարածաշրջանում տեկտոնական ակտիվությունը կտրուկ աճել էր. լեռները սկսել էին արագ աճել, իսկ գոգավորությունները՝ էլ ավելի խորանալ: Վերլուծության հիման վրա կատարվել է մայրցամաքի անջատման ժամկետների մասին կանխատեսում:

Բայկալի լեռնային գոտու նման համապարփակ ուսումնասիրություն կատարվել է առաջին անգամ, նշում է պարբերականը։ Նախկինում երկրաբանները ուսումնասիրել են միայն որոշ մասեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները