Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ ֆիլմ է ցուցադրվել

21:31   20 Սեպտեմբեր 2017    343

Վատիկանում պաշտոնապես ներկայացվել է «Արևից էլ վեր» պատմողական ֆիլմը, որում նկարահանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, ֆիլմը, որը պատմում է Աստծո փնտրտուքի մեջ գտնվող երեխաների մասին, հանրային ցուցադրության կհանվի Սուրբ Ծննդին: Նշվում է, որ ֆիլմի ցուցադրությունից ստացված գումարներն ուղղվելու են բարեգործությանը, մասնավորապես՝ պոնտիֆիկոսի ծննդավայր Արգենտինայի մանկական բարեգործական հիմնադրամներին:

Ֆիլմի պրոդյուսեր, ծագումով իտալացի, սակայն Հոլիվուդում աշխատող Անդրեա Իերվոլինոն նշել է, որ իր պես հավատացյալ կաթոլիկների համար «Պապն Աստված է Երկրի վրա», ու նրան ֆիլմում նկարահանելը չտեսնված զգացողություն էր:

«Մենք տարեկան 8-10 ֆիլմ ենք նկարահանում հոլիվուդյան աստղերի հետ: Բայց այս մեկն առանձնահատուկ էր: Ես նկարահանել եմ ֆիլմ Պապի մասնակցությամբ, ու ստացված գումարն ուղղվելու է բարեգործությանը: Ինձ համար դա կյանքումս արած կարևորագույն գործն է»,-նշել է պրոդյուսերը:

Նշվում է, որ կաթոլիկների հոգևոր առաջնորդը հայտնվում է ֆիլմի մեջտեղում ու վերջում, դա տևում է մոտ 6 րոպե:

«Ֆիլմում Պապը ներկայացված է որպես ժողովրդի մարդ, որը երեխաներին ասում է.«Խոսեք Հիսուսի հետ: Պատմեք՝ ինչ է կատարվում ձեզ հետ: Փնտրեք Նրան ու կտեսնեք, որ դուք կգտնեք միմյանց: Համարձակություն ունեցեք և արեք դա»»,-հավելել է Իերվոլինոն:

Հայտնի է, որ Պապի համար նախապես սցենար չի գրվել, և նա խոսել է իր բառերով:

«Այս ֆիլմում նա որպես դերասան չի ներկայանում: Նա այնպիսին է, ինչպիսին կա»,-ասել է պրոդյուսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վատիկան   Հռոմի-պապի  


Վերնագիրի այլ պիտակները