Հս. Կորեան կարող է ջրածնային ռումբ պայթեցնել Խաղաղ օվկիանոսում. ԱԳՆ

10:39   22 Սեպտեմբեր 2017    224

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻմ Չեն Ընը, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ոչնչացնելու վերաբերյալ հայտարարությունը, ասել է, որ «Թրամփը թանկ կվճարի իր խոսքերի համար»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, Կիմ Չեն Ընի հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«Ես կստիպեմ ԱՄՆ գերագույն հրամանատարին թանկ վճարել իր՝ Հյուսիսային Կորեան ամբողջությամբ ոչնչացնելու խոսքերի համար: Եվ սա Թրամփի սիրած հռետորական հայտարարություններից մեկը չէ»,-ասել է հյուսիսկորեացի առաջնորդը:

Կիմ Չեն Ընի կարծիքով՝ 71-ամյա Թրամփի ելույթը «պատերազմի հայտարարում էր»: Նա ընդգծել է, որ Թրամփի խոսքերն իրեն ևս մեկ անգամ համոզել են այն հարցում, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ճիշտ ուղու վրա են:

Մինչդեռ Կիմ Չեն Ընի հայտարարությանը հաջորդել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ռի Յոն Հոյի հայտարարությունն առ այն, որ Փհենյանը կարող է Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբ փորձարկել՝ ի պատասխան Թրամփի ռազմաշունչ սպառնալիքների:

«Դա կարող է լինել Խաղաղ օվկիանոսում ջրածնային ռումբի ամենահզոր պայթեցումը: Մենք գաղափար չունենք հետագա քայլերի վերաբերյալ, քանի որ բոլոր հրամաններն արձակում է Կիմ Չեն Ընը»,-ասել է արտգործնախարարը:

Ամսվա սկզբին Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել, ինչի հետևանքով 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Փորձարկման հետևանքով Փհենյանի ու Արևմուտքի միջև առկա լարվածությունն ավելի է խորացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս.Կորեա   ԿԻմ-Չեն-Ըն   ՄԱԿ   ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները