Հայաստանը հիմա հնարավորություն չունի ԵՄ-ին միանալու. Պյոտր Սվիտալսկի

15:37   22 Սեպտեմբեր 2017    477

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ի նոր քաղաքականությունում շատ ավելի մեծ տեղ է հատկացված հարևան երկրների հետ հարաբերություններին: Ըստ նրա՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում, Եվրամիությունը գիտակցում է, թե իր համար որքան կարևոր է հարևանությունը:

«Եվրամիությունը ցանկանում է կառուցել բարգավաճման գոտի իր սահմանների կողքին: ԵՄ-ն չունի ոչ մի թաքնված օրակարգ, պարզապես ուզում է, որ իր հարակից երկրները դիմակայեն իրենց առջև կանգնած խնդիրներին և զարգանան: Հայաստանը ԵՄ-ի հետ սահման չունի, բայց սա վերաբերում է նաև Հայաստանին: ՀՀ-ն Եվրոպայի անքակտելի մասերից է և մենք ցանկանում ենք այս տարածաշրջանում շատ ակտիվ քաղաքականություն վարել: Սա է ԵՄ տեսակետը:

Կարծում եմ՝ Հայաստանում ԵՄ-ի վերաբերյալ որոշակի իրազեկվածության պակաս կա: Այստեղ լավ չգիտեն, թե ինչպես է ԵՄ-ն գործում, որն է այն ազդեցությունը, որ ԵՄ-ն ունենում է իր անդամ պետությունների վրա: Հայաստանը հիմա հնարավորություն չունի ԵՄ-ին միանալ, Հայաստանն անգամ ասոցացման ուղու վրա էլ չէ, բայց, այնուամենայնիվ, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ԵՄ-ն գործում: ԵՄ ազդեցությունը Հայաստանի վրա զգալի է՝ դրական իմաստով»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Սվիտալսկի  


Վերնագիրի այլ պիտակները