ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 3000 եվրո կվճարի Հայաստանի քաղաքացուն

15:39   22 Սեպտեմբեր 2017    410

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի արդարադատության նախարարությանը կհատկացվի 3000 եվրո՝ դիմումատուի հատուցման համար:

Հարցը ներառված էր Հայաստանի կառավարության օրակարգի չզեկուցվող հարցերի թվում:

2011 թվականի հուլիսի 23-ին Բադալյանը ձերբակալվել է քննիչի դեմ բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածով, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել: Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որոշումը բողոքարկվել է, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է այն: Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուի վճռաբեկ բողոքը, քանի որ այն հիմնավորված չի եղել և չի համապատասխանել օրենքով սահմանված ձևական պահանջներին։

Դիմումատուն մի շարք որոշումներ է բողոքարկել, որոնք ներպետական ատյաններում իրենց լուծումը չեն ստացել:

2012 թվականի օգոստոսի 6-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել նրան վերագրվող հանցագործությունը կատարելու մեջ՝ դատապարտելով նրան ազատազրկման՝ մեկուկես տարի ժամկետով։

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:

Եվրոպական դատարանը փաստել է, որ ներպետական դատարանները, հիմնավոր կասկածի առկայությունից բացի, չեն ներկայացրել հիմնավոր և բավարար հիմքեր՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու և դրա ժամկետը երկարացնելու մասին իրենց որոշումների հիմնավորման համար: Եվրոպական դատարանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը բավարարվել է իր որոշման մեջ միայն վերացական և կարծրատիպային ձևակերպումներ տալով՝ իր պատճառաբանությունը պարզապես սահմանափակելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համապատասխան մասերի հիշատակմամբ:

Ավելին, դիմումատուի բողոքները և իրեն կալանքից ազատելու մասին միջնորդությունները, ինչպես նաև հետագայում դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը դատարանների կողմից քննվել են միևնույն ձևով: Եվրոպական դատարանի գնահատմամբ երբեք չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, թե ինչու հնարավոր չի եղել դիմումատուին կալանքից ազատել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում։ Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Դիմումատուն պետությունից պահանջել է 6,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է Հայաստանին պարտավորեցնել դիմումատուին շնորհել 3,000 եվրո ոչ նյութական վնասի դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԻԵԴ   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները