Ոչ մի անձ իրավունք չունի դառնալու Հայաստանի սեփականատերը. Րաֆֆի Հովհաննիսյան

15:43   22 Սեպտեմբեր 2017    711

Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն իրավունք չունի դառնալու Հայաստանի սեփականատերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք գտնվում ենք ինքնատիպ իրավիճակում, երբ կեղծարարությամբ ընդունված Սահմանադրությամբ Հանրապետականը դառնալու է Սերժապետություն, ոչ մի անձ՝ անկախ նրանից, թե ով է, չի կարող լինել այս երկրի սեփականատերը: Հայաստանն ինքնիշխան է, մենք ուզում ենք, որ մեր արտաքին եւ ներքին քաղաքականությունը հիմնվի մեր իսկ շահի, մեր Սահմանադրական իրավունքի վրա: Հետեւաբար, ինքներս գտնվում ենք վերակազմավորման, վերալիցքավորման փուլում եւ հորդորում ենք բոլորին իմաստավորել մեր ամեն օրը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ ինչ է պատրաստվում անել «Ժառանգությունը» թույլ չտալու Սերժ Սարգսյանի՝ 2018թ.-ի ապրիլից հետո դառնալու Հանրապետության վարչապետ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ամբողջ Հայաստանի ու պարոն Սարգսյանի ընտանիքի, թոռների համար մեծագույն սխալ կլինի, եթե նա այս կամ այն կերպ շարունակի իր մենիշխանությունը: Կարծում եմ՝ առաջին հերթին կտուժի նրա հաջորդ սերունդները: Իր կուսակցությունը նույնպես պետք է մտածի՝ իրենց հետագիծն ինչպես պետք է ներկայացվի հաջորդ սերունդներին: Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, «Ժառանգությունը» եւ գործընկեր քաղաքական ու քաղաքացիական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը»:

Կուսակցության առաջնորդի խոսքով, ներկայումս քննարկվում է այն հարցը, թե աշնանը կամ տարեվերջին կարող են առաջարկել մի նոր ձեւաչափ, որը կնպաստի՝ մենիշխանությունն այսկերպ չշարունակվի:

«Մեզնից կարող եք սպասել նախաձեռնություններ արդեն աշնանը կամ տարեվերջին»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Րաֆֆի-Հովհաննիսյան  


Վերնագիրի այլ պիտակները