Շարքայինին ինքնասպանության հասցնելու գործը դատարանում է

17:00   22 Սեպտեմբեր 2017    311

Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանին ինքնասպանության հասցնելու գործը կքննվի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում. գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Մհեր Մելիքյանին և Պարույր Հակոբյանին:

Հիշեցնենք, որ շարքային Գևորգ Ասոյանի դին հայտնաբերվել էր 01.04.2016 թվականին՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով:
Այսպիսով, քրեական գործով նախաքննությունն ավարտվել և գործն արդեն դատարանում է:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Մելիքյանը պարբերաբար նվաստացրել է ժամկետային զինծառայող շարքային Գևորգ Ասոյանի անձնական արժանապատվությունը: 2016թ մարտի 29-ից մարտական հերթապահության ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում գտնվող մարտական հենակետում, նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Գևորգ Ասոյանի կողմից 30.03.2016թ որպես դիտորդ ծառայությունն իրականացնելու ընթացքում ծառայության վայրում՝ կրակակետում քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին:

Այդ ամենից հետո էլ նույն օրը մարտական հենակետում Գ. Ասոյանից պահանջել է նրա քրոջ բջջային հեռախոսահամարը, սակայն պահանջված հեռախոսահամարի փոխարեն այլ հեռախոսահամար տալու կապակցությամբ կրկին սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին, ինչի հետևանքով անզգուշությամբ Գ. Ասոյանին հասցրել է ինքնասպանության:

Ըստ Պարույր Հակոբյանին առաջադրված մեղադրանքի՝ 2016թ մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում զորամասի ծխարանում իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու կապակցությամբ բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Գևորգ Ասոյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով կապտուկի տեսքով մարմնական վնասվածք: Շարքային Ասոյանը 01.04.2016թ. ժամը 07:00-ից մինչև ժամը 09:00-ն ըստ մարտական հերթապահության կրման գրաֆիկի, ծառայության ընդգրկված լինելով հենակետի առաջնագծում որպես դիտորդ, իր ծառայության վայրում իրեն ամրակցված գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով, պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

Մհեր Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 110 –րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Պարույր Հակոբյանին՝ 359-րդ հոդվածի 1-ին մասով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները