Կրեմլում երբեք չեն զբաղվել Facebook-ում քաղաքական գովազդի տեղադրմամբ. Պեսկով

17:44   22 Սեպտեմբեր 2017    366

Կրեմլում երբեք չեն զբաղվել Facebook-ում քաղաքական գովազդի տեղադրմամբ եւ չգիտեն, թե դա ինչպես է արվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք չգիտենք, թե ով եւ ինչպես է Facebook-ում գովազդ տեղադրում, եւ ռուսական կողմը երբեք դրան չի մասնակցել»,- Պեսկովին մեջբերել է «Ինտերֆաքսը»: Կրեմլի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել այն լուրերը, որ Facebook-ի ղեկավարությունը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսին տրամադրել ՌԴ-ից վճարված քաղաքական գովազդի մասին տեղեկությունները:

Այս ամսվա սկզբին Facebook-ը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապված հաշիվները 2 տարի շարունակ քաղաքական գովազդ են գնել, այդ թվում՝ 2016 թվականի նոյեմբերին անցկացված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ: Ընկերության տեղեկություններով՝ 2015 թվականի հունիսից 2017-ի մայիս այսպիսի 470 հաշիվներ ծախսել են մոտ 100 հազար դոլար 3 հազար գովազդային հաղորդագրությունների համար, որոնք կարող էին ազդել քվեարկության ելքի վրա:

Դրանից զատ, ընկերությունում հայտնաբերել են Ռուսաստանի հետ պոտենցիալ կապ ունեցող 2,2 հազար հաղորդագրությունների վրա կատարված 50 հազար դոլարի ծախս: «Տրոլների ֆաբրիկայի» աշխատանքին ծանոթ աղբյուրը ՌԲԿ-ին հայտնել էր, որ նման հաղորդագրությունների հավանական ընդգրկումը կարող է կազմել մինչեւ 15 մլն մարդ:

Սեպտեմբեր 17-ին Facebook-ից հայտարարել էին, որ ընկերությունը գովազդի վաճառքի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին, որը ղեկավարում է Մոսկվայի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամների միջեւ հնարավոր կապերի քննությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Պեսկով   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները