Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն իրեն չի օգնել հաղթել ընտրություններում

12:03   23 Սեպտեմբեր 2017    293

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն որևէ կերպ չի օգնել հաղթել նախագահական ընտրություններում։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNN-ին, այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Ալաբամա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպմանը:

«Ո՛չ, Ռուսաստանը չի օգնել ինձ, ես կարող եմ ձեզ հավաստիացնել: Ներկաների մեջ կա՞ն ռուսաստանցիներ», - ասել է Թրամփը հավաքվածների առաջ ելույթ ունենալիս:

Ըստ նրա՝ այդ ամենը Դեմոկրատական կուսակցության անդամների հորինածն է: Ավելին՝ Թրամփը կարծում է, դեմոկրատներն «ահռելի մեծ աշխատանք են կատարել»՝ ստիպելով մարդկանց հավատալ այդ հորինվածքին։

«Հավանաբար դա այն էր, ինչ նրանց մոտ ամենից լավ ստացվեց», - ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ Թրամփի հաղթանակից հետո ամերիկյան հետախուզական ծառայություններն ու լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն շրջանառել այն վարկածը, ըստ որի՝ Թրամփի հաղթանակի հարցում առանցքային նշանակություն է ունեցել Մոսկվայի միջամտությունն ընտրությունների ընթացքին:

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ   Ռուսաստան   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները