ՅՈՒՆԵՍԿՕ-ում գլխավոր տնօրեն են ընտրում

17:45   10 Հոկտեմբեր 2017    330

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հոկտեմբերի 10-ին կկայանա կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդին չի հաջողվել քվեարկության առաջին փուլի արդյունքներով կազմակերպության նոր գլխավոր տնօրեն ընտրել: Առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել անհրաժեշտ աջակցություն ստանալ: Գործադիր խորհրդի անդամ 58 երկրների ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին ևս մեկ նիստ կգումարեն, որի ընթացքում տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը:

Առաջին փուլի արդյունքներով առաջատարը եղել է Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ ալ-Քավարին, սակայն նրան չի հաջողվել հավաքել անհրաժեշտ 30 ձայները: Կատարի ներկայացուցիչը հավաքել է 19 ձայն: Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Ֆրանսիայի ներկայացուցիչ Օդրի Ազուլեն, ով հավաքել է 13 ձայն և Եգիպտոսի ներկայացուցիչ Մուշիրա Հաթաբը` 11 ձայն: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ադրբեջանի թեկնածու Փոլադ Բյուլբուլօղլին ստացել է ընդամենը 2 ձայն:

Ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար առաջադրված թեկնածուներից որևէ մեկը պետք է ստանա գործադիր խորհրդի անդամ 58 երկրների ներկայացուցիչներից 30-ի ձայները: Անհրաժեշտության դեպքում կարող է ընտրությունների 5 փուլ անցկացվել: Եթե 5-րդ փուլի արդյունքներով հաղթողը չի որոշվում, ընտրությունների արդյունքները կորոշվեն վիճակահանությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՅՈՒՆԵՍԿՕ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները