Թրամփը մտադիր չէ նախապես խոսել Հս. Կորեայի հարցում իր գործողությունների մասին

11:57   12 Հոկտեմբեր 2017    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ նախապես խոսել ԿԺԴՀ-ի նկատմամբ իր գործողությունների մասին:

Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաղորդավարը խնդրել է Թրամփին մեկնաբանել «փոթորկից առաջ լռության» մասին իր խոսքերը, որոնք ԱՄՆ նախագահն ասել էր ԿԺԴՀ-ի առնչությամբ: Թրամփը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ ԿԺԴՀ խնդիրը եղել է «ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ 15, 10 և 5 տարի առաջ»: Նրա խոսքով՝ «դա եղել է ոչ միայն Բարաք Օբամայի տարիներին, սակայն, անխոս, Օբաման դրանով չի զբաղվել»:

Թրամփը ևս մեկ անգամ «խայթել» է իրեն նախորդած նախագահին՝ նշելով, որ նա բազմիցս նախապես հայտարարում էր իր գործողությունների մասին:

«Ես հիշում եմ՝ Մոսուլի գրոհի ժամանակ: Ասում էին՝ մենք գրոհելու ենք Մոսուլը չորս ամսից, երեք ամսից»,- ասել է նա:

«Ես չեմ ասում՝ ես ինչ-որ բան եմ անում: Եվ ես չեմ ասում՝ ես ինչ-որ բան չեմ անում»,- ընդգծել է Թրամփը՝ նկատի ունենալով ԿԺԴՀ-ի նկատմամբ քայլերը:

Օրեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտածելու լուրջ առիթ էր տվել լրագրողներին, երբ երկրի ռազմական ղեկավարության հետ հանդիսավոր ընթրիքից առաջ անսպասելի հայտարարություն էր արել:
Լրագրողների փոխանցմամբ՝ ընթրիքի սկսվելուց առաջ Թրամփը մատով ցույց էր տվել դահլիճն ու հարցրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Գիտե՞ք՝ ի՞նչ է այս ամենը նշանակում, միգուցե սա լռություն է փոթորկից առաջ»:

Այնուհետ լրագրողները փորձել էին Թրամփից ճշտել, թե «փոթորիկ» ասելով նախագահն ինչ է նկատի ունեցել:

«Կիմանաք»,-ասել էր երկրի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հս.Կորեա   ԱՄՆ   նախագահ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները