ԱՄՆ-ն ՌԴ-ի սահմանների մոտ՝ Մերձբալթյան երկրներում մի ամբողջ դիվիզիա է տեղակայել. ՌԴ ՊՆ

13:05   12 Հոկտեմբեր 2017    415

ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ փաստացիորեն մի ամբողջ դիվիզիա է տեղակայել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով՝ դրանց «ոչ թափանցիկության», զինված ուժերի «հիբրիդային» գործողությունների, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը թողել է իր «հարվածային խմբավորումը» Բելառուսում:

Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով:

Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի նախապատրաստվող ներխուժման մասին խոսակցությունների ֆոնին Լեհաստան առանց աղմուկի ժամանել է 2-րդ բրիգադը և տեղակայվել այնտեղ իր տեխնիկայով: Միևնույն ժամանակ, Լեհաստանում և մերձբալթյան պետություններում մնացել է նաև 3-րդ բրիգադի թողած ռազմական տեխնիկան:

«Այդկերպ, չնայած ռուսական սահմանների մոտ տեղակայվող զորքերի «աննշանության» մասին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններին, դե ֆակտո այժմ տեղակայված է արդեն ոչ թե բրիգադ, այլ ԱՄՆ ԶՈւ մի ամբողջ դիվիզիա»,- նշել է Կոնաշենկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները