Համահայկական ընդվզման օրը հիմա չենք ասի, հանրությունը պետք է ժամադրի. Փոստանջյան

15:10   13 Հոկտեմբեր 2017    267

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հասարակությանը նախապատրաստում է ցանցային պայքարի. նրանք շրջում են երկրի բնակավայրերով, մարդկանց մեջ գտնում են համախոհներ, որպեսզի հետագայում համահայկական ընդվզման օր հայտարարեն ու ելնեն պաքարի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Ցանցային պայքարը տանելու ենք ցանցային միջոցներով, քանի որ այս քաղաքական պայմաններում հեշտ է ձախողել սկսած գործը, եւ խմբին կամ անձին ճնշելու փորձից ելնելով եւ նախորդ փորձերը վերլուծելով, պետք է լինի ցանցային պայքար, որ չլինի մեկ առաջնորդ կամ առաջնորդող խումբ: Հայաշատ քաղաքներում եւս պետք է լինեն ընդվզման գործընթացներ բողոքներ, որ չեն ճանաչում այս ապօրինի իշխանությանը, հայտ են ներկայացնում նոր քաղաքական համակարգի»,-ասաց Փոստանջյանը:

Հարցին, թե երբ է լինելու համահայկական ընդվզման օրը, արդյոք այն լինելու է մինչեւ տարեվերջ, Փոստանջյանը պատասխանեց, որ սխալ է օրվա մասին նախապես հայտնել. «Ուզում ենք, որ հնարավորինս արագ տեղի ունենա, հանրությունը ինքնակազմակերպվի, բայց հանրությունը պետք է ժամադրի օրը, տեղը, մեր խնդիրն է հանրությանը պատրաստել, գաղափարախոսությունը ներկայացնել, իսկ հանրությունն ինքն իր միջից հայտնի եւ՛ ժամը, եւ՛ օրը»:

«Երկիր Ծիրանիի» նախագահի խոսքով, այս պահին այլ քաղաքական ուժերի հետ համագործակցություն չչկա, բայց եթե իրենց սկզբունքը, գաղափարը եւ ծրագիրը կիսում են, կարող է լինել համագործակցություն:

Հարցին, թե եթե հաջողվի համահայկական ընդվզում կազմակերպել եւ հեռացնել իշխանություններին, ՀՀԿ-ն որպես կուսակցություն կարգելվի՞, Փոստանջյանն արձագանքեց, որ իրավաբանորեն պետք է հարցը քննարկվի, քանի որ վնասը հսկայածավալ է. «Նրանք պետք է կանգնեն դատարանի առջեւ, նաեւ ես եմ դատի տալու,բայց այլ մարդիկ էլ կգտնվեն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները