Տաքսու վարորդները պահանջում են Մարտիրոսյանի հրաժարականը

15:42   17 Հոկտեմբեր 2017    394

Տուգանքների դեմ բողոքող անհատ տաքսու վարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա իրականացրին, որի ժամանակ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նախարարին անգործության մեջ մեղադրեց:

«Բոլոր տաքսու վարորդներին տուգանում են, նախարարը մեզ խոստացել էր, որ Ազգային ժողովում տաքսի ծառայությունների ոլորտի հետ կապված խնդիրները կբարձրաձայնի, սակայն, այդպես էլ ոչինչ չարեց: Առաջարկել էինք ժամանակավոր հավասար իրավունքներ հաստատել մեր եւ ապօրինի տաքսիների համար, բայց ոչինչ չարվեց: Ազգային ժողովի դիմաց ցույց արեցինք, ԱԺ բոլոր խմբակցությունները մեզ դիմավորեցին, խոսեցին մեզ հետ եւ տնտեսական հանձնաժողովում առ այսօր քննարկումներ են գնում այդ թեմայով: Բայց նախարարն ի՞նչ արեց՝ ՀՀԿ տատիկին ուղարկեց մեզ անիծելու, միայն ուզում եմ ասել, որ նախարարն իր մորն ուրանում է, բայց ՀՀԿ տատիկին մայր հայտարարում»,-ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ Տրանսպորտի եւ կապի նախարարը բացարձակ ոլորտին չի տիրապետում եւ պետք է հրաժարական տա. «Այս նախարարը ոլորտին բացարձակ չի տիրապետում, մենք նրա հրաժարականն ենք պահանջում, նրան հաստատ բուժզննման է պետք ենթարկել, նա առողջականի հետ խնդիրներ ունի: Վարչապետն էլ բոլոր տաքսի վարողներին համարում է թրաշով, սիգարետը բերաններին, սանդալներով մարդկանց, դա էլ է նախարարն իր մեջ սրսկում: Բիզնես ցեղասպանություն է տեղի ունեցել Տրանսպորտի նախարարության կողմից, պետք է եւ վարչապետը եւ նախարարը հրաժարական տան»:

Հիշեցնենք, որ տաքսու վարորդները բողոքում են այն փաստից, որ որոշ ընկերություններ տաքսի ծառայություն են մատուցում, սակայն գրանցված չեն որպես տաքսի ծառայություններ, եւ չեն վճարում նույն գումարները, ինչ մյուս տաքսի ծառայությունները: Մասնավորապես, խոսքը վերաբերում է gg-ին եւ «Յանդեքս տաքսի»-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները