Ամերիկացի գեներալը խոստացել է խոչընդոտել Թրամփի հրամանին

12:07   19 Նոյեմբեր 2017    270

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ, Ռազմավարական հրամանատարության (STRATCOM) ղեկավար Ջոն Հայթենը հայտարարել է, որ կխոչընդոտի միջուկային հարվածի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հրամանին, եթե դա համարի անօրինական։

«Ես խորհուրդներ եմ տալիս նախագահին, նա ինձ ասում է՝ ինչ անել։ Եվ եթե դա անօրինական է, գուշակե՛ք, ի՞նչ է տեղի ունենում։ Ես ասում եմ. «Պարո՛ն նախագահ, դա անօրինական է»։ Եվ երբ նա հարցնում է, թե ի՞նչը կլինի օրինական, մենք մտածում ենք տարբերակներ։ Դա այնքան էլ բարդ չէ»,-գեներալի խոսքերն է մեջբերում CBS News-ը։

Հայթենը նշել է, որ հրամանատարությունը տասնամյակներ շարունակ մշակել է գործողությունների կարգ՝ միջուկային հարված հասցնելու պետության ղեկավարի հնարավոր հրամանի համար։ Գործողությունների այդ կարգը ներառում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են անհրաժեշտությունը, հարվածի համաչափությունը, անհարկի կորուստները և այլն։

Այսօր այդ թեման առանձնահատուկ ակտուալ է այն պատճառով, որ Թրամփը բազմիցս չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հնարավորությունը։ «Ոմանք կարծում են, որ մենք հիմար մարդիկ ենք, սակայն դա այդպես չէ։ Եթե դուք էլ ունենայիք այդպիսի պատասխանատվություն, դուք էլ կմտածեինք հնարավոր սցենարների մասին»,-հավելել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները