Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2018-ին կաճի 3,8 տոկոսով

12:15   20 Նոյեմբեր 2017    331

Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2018-ին կկազմի 156,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցնիշի համեմատ ավելի է 150,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով:

2018 թվականի բյուջեի համախառն եկամտի ծավալը նախատեսված է 1 տրլն 307 մլրդ դրամ, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Միաժամանակ, եկամուտները կավելանան 7,7 տոկոսով՝ հասնելով 1 տրլն 464,2 մլրդ դրամի:

Եթե վերլուծենք վերջին տարիների դինամիկան՝ համեմատելով 2016 եւ 2018 թվականների ցուցանիշները, պատկերը հետեւյալն է. եկամուտներն աճել են 15,1 տոկոսով, ծախսերը՝ 3,1 տոկոսով, իսկ դեֆիցիտը կրճատվել է 44,9 տոկոսով: Թվային արտահայտությամբ 2016-ին եկամուտները կազմել են 1,1 տրլն դրամ (տարեկան աճը՝ 9 տոկոս), ծախսերը՝ 1,4 տրլն դրամ (տարեկան աճը՝ 2,6 տոկոս), իսկ դեֆիցիտը հասել է 284,7 մլրդ դրամի (տարեկան աճը՝ 11,2 տոկոս):

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա հունվարժ-սեպտեմբերին բյուջեի դեֆիցիտը կազմել է 92,8 տոկոս, որը տարեկան կտրվածքով նվազել է 35,8 տոկոսով: Բյուջեի եկամուտները ավելացրել են աճի տեմպը՝ 0,4 տոկոսից հասնելով 5 տոկոսի եւ կազմելով 888,4 մլրդ դրամ:

Իսկ հաջորդ տարի բյուջեի եկամուտների 100 մլրդ դրամի աճ է նախատեսվում հարկային մուտքերի հաշվին: Միաժամանակ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կաճի 0,1 տոկոսով՝ հասնելով 21,3 տոկոսի: Արդյունքում 2018-ի բյուջեի ծրագրի կատարումը զսպող դեր կխաղա համախառն պահանջարկի վրա: Նման դեպքերում տնտեսական աճի ապահովման հիմնական բեռն ընկնում է մասշտաբային կառուցվածքային բարեփոխումների վրա:

Հատկանշական է, որ եթե 2017 թվականին բյուջեի դեֆիցիտը փակելու հիմնական աղբյուր էին դիտարկվում արտաքին ռեսուրսները, ապա 2018-ին նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը ծածկել թե արտաքին, թե ներքին ռեսուրսների հաշվին: Այս իմաստով կառավարությունը խնդիր է դրել ապահովել պետական պարտքի կայունություն եւ ձեւավորել որոշակի «անվտանգության բարձիկներ» միջինժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում:

Համեմատության համար նշենք, որ վիճակագրական ծառայության սեպտեմբերի տվյալներով, այս տարի Հայաստանի պետական պարտքը աճել է 6,8 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 14,5 տոկոսով՝ հյասնելով 6,3 մլրդ դոլարի: Այդ աճի մեջ մեծ դեր ունի ներքին պարտքը: Այսպես. Արտաքին պարտքը հունվար-օգոստոսին աճել է 9 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 31,4 տոկոսով՝ հասնելով 1,2 մլրդ դոլարի: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն տարեկան կտրվածքով աճել է 11,6 տոկոսով՝ հատելով 5 մլրդ դոլարի սահմանագիծը:

Հայաստանի համախառն պարտքը 2018 թվականին կանցնի 7 մլրդ դոլարից, ինչը կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները