Դանակահարվել է սահմանապահ զորքերի ծառայողը. մեկ անձ ձերբակալվել է

10:10   21 Նոյեմբեր 2017    325

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։ Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։

Դեպքի առթիվ Հայաստանի ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հայաստանի ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, ով բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են։ Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,կատարվել զննություններ, առգրավումներ: Ավտոմեքենայի մեջ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Տավուշ  


Վերնագիրի այլ պիտակները