Ուկրաինայում մեկնաբանել են Սաակաշվիլիի՝ Պորոշենկոյին ուղղված «հաշտության» նամակը

21:00   17 Դեկտեմբեր 2017    202

Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Անատոլիյ Գրիցենկոն մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ուղղված նամակը, որով Վրաստանի նախկին նախագահը պատրաստակամություն է հայտնել երկխոսության գնալու:

Հիշեցնենք, որ նախօրեին Սաակաշվիլին «հաշտության» նամակ է հղել Ուկրաինայի նախագահին՝ առաջարկելով երկխոսության գնալ ու քննարկել առկա խնդիրները, ինչն էլ զայրույթ է առաջացրել Սաակաշվիլիի կողմնակիցների մեծ մասի մոտ:

Գրիցենկոն Facebook-ի իր էջում կատարած գրառման մեջ կոչ է արել Սաակաշվիլիի համախոհներին խիստ չդատել նրան և մտնել նրա դրության մեջ:

«Համաձայնեք՝ Միխեիլի համար դժվար է, շատ դժվար: Դրանից էլ բխում են բոլոր պոռթկումներն ու սխալները, ինչպես նաև չափազանցված ու ոչ ադեկվատ գնահատականները երկրում տիրող իրավիճակի կետ կապված: Երկիր, որը Սաակաշվիլին արդեն իրեն հարազատ է համարում, սակայն օբյեկտիվորեն դեռ հեռու է այն խորապես ընկալելու համար», - գրել է Գրիցենկոն:

Ուկրաինացի նախկին նախարարը նաև նշել է, որ Սաակաշվիլիի՝ Պորոշենկոյին ուղղված նամակն ու մի շարք այլ խնդրահարույց քայլեր հասկանալի են թեկուզ այն առումով, որ նախկինում նա «իշխանության վերևում էր», իսկ հիմա նա «ոչ ոք» է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել դեկտեմբերի 11-ին կայացված վճիռը, համաձայն որի՝ դատարանը հրաժարվել է կալանավորել Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին:

Դեկտեմբերի 11-ին Կիևի դատարանն ազատ է արձակել Միխեիլ Սաակաշվիլիին: Փաստացի դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է դատախազության՝ տնային կալանքի մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Նա ձերբակալվել է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու մասին քրեական գործի շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Սաակաշվիլի   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները