ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո վճարել

15:14   11 Հունվար 2018    199

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 2500 եվրո վճարել հայցվորին, որից 2000-ը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500-ը՝ որպես փոխհատուցում ծախսերի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Հայաստանի դեմ բողոքը Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:

Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:

Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:

Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին։ Նա ազատ է արձակվել նույն տարվա սեպտեմբերին՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում բողոքել է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:

Հայցվորը պահանջել է 81.250 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, որը երաշխավորում է, որ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները