Սողանքներ Կալիֆորնիայում. զոհվել է 17 մարդ, կան վիրավորներ

11:44   12 Հունվար 2018    163

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»-ին, Կալիֆորնիայում երեքշաբթի օրվա առատ տեղումներից առաջ եկած սողանքներն ավերել են Մոնթեսիթոյի հարյուրավոր տներ եւ բնակիչներին զրկել տները լքելու հնարավորությունից: Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:

Չորեքշաբթի օրը Կալիֆորնիայի փրկարարները, հաղթահարելով ցեխի հաստ շերտի պատնեշը, դուրս են բերել արտաքին աշխարհի հետ կապից զրկված մոտ 100 տան բնակիչների: Անցած ամիս Մոնթեսիթոյի անտառներում աննախադեպ հրդեհների հետեւանքով բազմաթիվ ծառեր էին այրվել, ինչի արդյունքում անձրեւներից փափկած հողը պահող ոչինչ չի եղել եւ այն սահել է դեպի բնակելի տարածք՝ անցնելով տների միջով կամ ամբողջովին ծածկել դրանք:

Տեղի իշխանությունները մարդկանց կարգադրել էին էվակուացնել տարածքը, սակայն նրանց ընդհամենը 15 տոկոսն է հեռացել:

Մոնթեսիթոյի բնակիչ Քարոլին Բեննեթը ասում է. «Երբ կարգադրեցին լքել տարածքը, մտածեցի պարզապես անձրեւ է տեղալու: Սակայն նման բան երբեւէ չէի տեսել»:

Սանտա Բարբարայի համայնքում են ապրում բազմաթիվ ազդեցիկ եւ հայտնի անձինք: Ինչպես օրինակ Օփրա Ուինֆրին, ում տունը նույնպես տուժել է սողանքների հետեւանքով:

Ինչպես նա է պատմում. «Այստեղ ցանկապատ կար: Իսկ հարեւանիս տունը քանդվել է»:

Մոտ 8000 հեկտար տարածություն փակ է երթեւեկության համար, որտեղ դեռ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում հեռանալ իրենց տներից: Առաջինն օգնության հասած ավելի քան 500 կամավոր շարունակում են որոնողական աշխատանքները՝ կենտրոնանալով այն տարածքների վրա որտեղ ամենից շատ են անհայտ կորած անձինք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները