Հաիթին Վաշինգտոնից բացատրություն է պահանջել

14:36   12 Հունվար 2018    197

Հաիթիի կառավարությունը «խստիվ դատապարտում է» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ եւ պաշտոնական բացատրություն է պահանջում ամերիկյան կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ԱՄՆ-ում Հաիթիի դեսպան Պոլ Ալտիդորը հայտարարել է NBC ամերիկյան հեռուստաալիքին:

Հաիթիի կառավարությունում վստահ են, որ Թրամփի արտահայտությունները «հիմնված են կարծրատիպերի վրա», նշել է նա: «Կամ (ԱՄՆ-ի) նախագահին ապատեղեկատվություն են տրամադրել, կամ նա անբարեկիրթ է»,-հավելել է դեսպանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»: Մի խումբ սենատորներ եղել են Սպիտակ տանը, որպեսզի նախագահին առաջարկեն փոխզիջումային համաձայնություն, որը վերաբերում է Հաիթիից, Սալվադորից եւ Աֆրիկայի երկրներից եկած միգրանտներին:

«Մեր ինչին են պետք այդ բոլոր մարդիկ, որոնք ժամանում են կեղտոտ ծայրագավառներից»,- արձագանքել է Թրամփը օրենսդիրների առաջարկությանը: Միացյալ Նահանգների ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է միգրանտներ ընդունի այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է:

Նախագահի այս մեկնաբանություններից հետո ամերիկացի կոնգրեսականներից ոմանք Թրամփին կրկին մեղադրել են ռասիզմի մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հաիթի   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները