Սիրիացիներին այս տարի կպահանջվի 3,5 մլրդ դոլարի օգնություն. ՄԱԿ

22:56   12 Հունվար 2018    247

ՄԱԿ-ը ձգտելու է միջազգային դոնորներից հասնել 3,5 մլրդ դոլարի հատկացման, որն անհրաժեշտ է 2018 թվականին Սիրիայի 13 մլն բնակիչների օգնություն ցուցաբերելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Դամասկոսում հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հումանտար հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Նա նշել է, որ առաջիկայում հաստատվելու է սիրիական ճգնաժամի հակազդման ծրագիրը: «Մենք դոնորներից 3,5 մլրդ դոլար ենք խնդրելու Սիրիայի բոլոր անկյուններում ավելի քան 13 մլն մարդու կարիքները բավարարելու համար»,-ասել է նա՝ թվարկելով 2018 թվականի հիմնական գերակայությունները:

Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը, գործընկերների հետ միասին, ամեն ամիս օգնություն է հասցրել Սիրիայի 7,5 մլն բնակիչների: Այն ներառել է պարենամթերք, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Բացի այդ, միջազգային կազմակերպությունները երկրում իրականացրել են կրթական ծրագրեր, վերականգնել բուժհիմնարկների աշխատանքը եւ երեխաների պատվաստումներ կատարել:

Մարկ Լոուկոկն ակնկալում է, որ Սիրիա իր այցը դրական տեղաշարժերի կհանգեցնի պաշարված շրջանների բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում: Լոուկոկն առաջին այցով Սիրիա է ժամանել այս շաբաթ: Նա հայտնել է, որ Սիրիայի պաշտոնատարների հետ կայացած հանդիպումների ընթացքում պայմանավորվել է շարունակել հումանիտար հարցերի քննարկումը:

Սպասվում է, որ իր այցի արդյունքերի շուրջ Մարկ Լոուկոկը զեկույցով հանդես կգա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը պլանավորված է հունվարի 30-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները