ԱՄՆ-ն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը. Հեյլի

11:08   13 Հունվար 2018    339

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ մի շարք միջոցառումներ ընդունել միջուկային համաձայնագրի շրջանակից դուրս եւ ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի հանդուրժի «Իրանի վտանգավոր եւ ապակայունացնող պահվածքը, եւ սպասում է, որ մյուս երկրները մեզ կմիանան»: Նա կոչ է արել Իրանի ղեկավարությանը խոչընդոտել «խախտելու միջազգային բոլոր նորմերը եւ ՄԱԿ բանաձեւերը՝ քողարկվելով միջուկային գործարքով»:

«Մենք ակնկալում ենք ՄԱԿ-ում նոր միջազգային համագործակցության ձեւավորում իրանական հրթիռային ակտիվության դեմ գործողություններն ուժգնացնելու, զենքի էմբարգոն խստացնելու համար, որն Իրանը խախտում է, Իրանի կողմից ահաբեկչության ֆինանսավորումը վերացնելու եւ Իրանում մարդու իրավունքների խախտումները մերկացնելու համար: Այս բոլոր քայլերը կարող են ձեռնարկվել միջուկային համաձայնագրից դուրս, բայց եթե մենք չկարողանանք միջազգային կոնսենսուս ստանալ, ավելի ակնհայտ կդառնա, որ միջուկային գոծարքը խաղաղությանը խոչընդոտում է»,- նշված է Հեյլիի հայտարարության մեջ:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջուկային համաձայնագրի շրջանակում երկարաձգել էր պատժամիջոցների վերացման ռեժիմը: Ըստ որում՝ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ նման երկարաձգումը նախագահը «վերջին անգամ» է անում: Թրամփը նաեւ ԵՄ-ից պահանջել էր մասնակցել համաձայնագրի «շտկմանը»՝ նշելով, որ հիմա առկա է փոփոխություններ կատարելու վերջին հնարավորությունը: Դրանից զատ, ԱՄՆ նախագահն Իրանին անվանել էր ահաբեկչության հովանավոր եւ հայտարարել, որ օրենսդրորեն կամրագրի Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման եւ փորձարկման համար կոշտ պատժամիջոցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԱՄՆ   Թրամփ   Հեյլի  


Վերնագիրի այլ պիտակները