Հայ զինծառայողի մահվան գործով 1,5 տարի անց ոչինչ չի պարզվել. Փաստաբան

09:25   15 Հունվար 2018    519

Տավուշի մարզում գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվանից 1,5 տարի անց դեռեւս ոչ մի հանգամանք չի պարզվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը:

«2016 թվականի հուլիսի սկզբին զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է Արսեն Մխիթարյանի դին` հրազենային մահացու վնասվածքով: Դրանից հետո 8-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվել է նախաքննության սկզբնական փուլը: Տուժողի հարազատների մոտ անվստահություն է առաջացել վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ եւ մեր կողմից գլխավոր դատախազին բացարկ է ներկայացվել ուղղված վարույթն իրականացնող մարմնին եւ դատախազի որոշմամբ գործի վարույթը փոխանցվեց քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերի վարչություն, որտեղ էլ 1 տարի տեղի ունեցավ այդ գործի նախաքննությունը»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ այդ ընթացքում իրենք բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին:

Նարայր Նորիկյանի խոսքով` իրենք վարույթն իրականացնող մարմնին նաեւ ներկայացրել են զորամասի հրամանատարական կազմից անուններ, նաեւ բարձրաստիճան զինվորականի անուն, որոնք հավանական կապ ունեն Արսեն Մխիթարյանի ողբերգական մահվան հետ:

«Քանի որ հիմա նախաքննություն է ընթանում, այս պահին չենք կարող հրապարակել այդ անունները, սակայն այդ անունները մենք ներկայացրել ենք վարույթն իրականացնող մարմնին»,- ասաց Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը նշեց, որ բազմաթիվ միջնորդություներ են ներկայացրել փորձաքննություններ անցկացնելու համար, որոնք ֆորմալ առումով բավարարվել են, սակայն իրականում ոչ մի արդյունք չեն տվել:

«Քննիչը նաեւ հետմահու դատահոգեբանական եւ դատահոգեբուժական համալիր փորձաքննություն էր նշանակել 2017 թվականի օգոստոս ամսին, սակայն 5 ամիս անց, փորձաքննությունների ազգային բյուրոն, որին հանձնարարված է եղել այս փորձաքննությունը գրություն է ուղարկել վարույթն իրականացնող մարմնին, որ այդ փորձաքննությունը կարող է իրականացնել 2018 թվականի ապրիլից հետո: Ինչը, իմ կարծիքով խայտառակություն է»,-ասաց փաստաբանը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները