Բրյուսելը խստացրել է Brexit-ի շուրջ Լոնդոնի հետ բանակցությունների պայմանները

14:44   16 Հունվար 2018    446

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Financial Times»-ին, Եվրամիությունը խստացրել է հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գործարքի կնքման շուրջ այդ երկրի հետ հետագա բանակցությունների անցկացման պայմանները:

Հրատարակության տրամադրության տակ հայտնվել է ԵՄ-ի անդամ երկրների կողմից նախապատրաստված փաստաթուղթը Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեին տված հանձնարարականներով: Փաստաթղթի հեղինակները Միացյալ Թագավորությունից պահանջում են ամբողջությամբ կատարել այն ավելի խիստ պայմանները, որոնք վերաբերում են ԵՄ-ից դուրս գալուց հետո եւս գրեթե երկու տարվա ընթացքում ներգաղթին, արտաքին առեւտրին եւ ձկնորսության իրավունքներին:

Դրանք ենթադրում են հանրակցության՝ մինչեւ 2021 թվականը Բրիտանական կղզիներ ժամանած բոլոր քաղաքացիների իրավունքների ընդլայնում եւ նրանց հատուկ կարգավիճակի տրամադրում: Պահանջներին համապատասխան, այդ ժամանակաշրջանում մնացած 27 եվրոպական երկրների՝ Բրիտանական կղզիներ ժամանած քաղաքացիները կկարողանան այնտեղ մնալ անսահմանափակ ժամկետով: Բացի այդ, բրիտանացի նախարարներն այդ ընթացքում չեն կարողանա երրորդ երկրների հետ առեւտրական համաձայնագրեր կնքել առանց Բրյուսելի հավանության:

Հակառակ դեպքում թագավորությունը Brexit-ից հետո հաջորդ օրն իսկ կզրկվի Եվրամիության հետ առեւտրական համաձայնագրերի բոլոր օգուտներից, նշում է թերթը: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   Բրյուսել   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները