Բանակում սպաներ չեն կարողանում բնակարաններ ստանալ․ Փաշինյան

20:09   16 Հունվար 2018    1380

Հայաստանում այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ զինված ուժերում 20-25 տարի ծառայելուց հետո սպաները չեն կարողանում բնակարաններ ստանալ:

Այս մասին հունվարի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ այդ մարդկանց համար միակ մխիթարանքը կարող է լինել այն հանգամանքը, որ բնակարանների ցուցակում նրանց հերթը կարող է մեկ աստիճանով վերեւ բարձրանալ, եթե նրանից վեր գտնվող անձը արդեն բնակարան է ստացել:

«Բայց խնդիրն այն է, որ եթե սպան զորացրվում է, ըստ էության, անմիջապես հեռացվում է ցուցակից, գրանցվում մեկ այլ ցուցակում, ինչը նշանակում է, որ նա, փաստորեն, կորցնում է բնակարան ստանալու իրավունքը, չնայած 20-25 տարվա ծառայությանը»-շեշտել է Փաշինյանը` հավելելով, որ մարդիկ ստիպված են գործընթացը սկսել զրոյից: Միեւնույն ժամանակ նա խորհրդարանին ուղղված նամակ է ընթերցել, որտեղ նամակագիրները երեւույթը որակել են որպես «դավաճանություն»։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանում հաճախ են խոսում ազգային անվտանգության եւ հայրենիքի պաշտպանության մասին, սակայն, նրա կարծիքով, հայրենիքի պաշտպանությունը ոչ միայն բանակի համար նոր զենք ձեռք բերելն է, այլ նաեւ բանակի նախկին սպաների սոցիալական խնդիրները լուծելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները