Մեքսիկայում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը

12:38   17 Հունվար 2018    434

Մեքսիկայի Քինտանա Ռո նահանգի տարածքում մի խումբ հետազոտողներ հայտնաբերել են աշխարհի խոշորագույն ստորջրյա քարանձավը, որը ձգվում է 347 կմ տարածքի վրա:

Այս մասին հայտնում է Gran Acuífero Maya հետազոտական ծրագրի Maya կայքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս հայտնաբերումը հնարավոր է դարձել հետազոտողների աշխատանքի շնորհիվ, որոնց հունվարի 10-ին հաջողվել է միացնել երկու խոշոր ջրային քարանձավային համակարգեր` Յուկատան թերակղզու հյուսիսում գտնվող Սակ Աքթուն եւ Դոս Օհոսը։

«10 ամիս տեւած լարված աշխատանքից հետո թիմը կարողացել է իրար կապել աշխարհի երկու խոշոր ստորջրյա քարանձավները»,-նշված է կայքում։

Համաձայն կայքում ներկայացված տեղեկությունների՝ նախկինում ռեկորդը պատկանում էր Տուլումից հարավ գտնվող Օքս Բել Հա քարանձավին, որի երկարությունը կազմում է 270 կիլոմետր։

Քարանձավագիտության կանոնների համաձայն՝ քարանձավային համակարգերը միացնելուց հետո ավելի խոշորը կուլ է տալիս փոքրին, որի արդյունքում վերջինի անվանումը անհետանում է։ Նախորդ շաբաթ միավորված քարանձավներից խոշորը Սակ Աքթուն է, ուստի Դոս Օհոսը դադարում է գոյություն ունենալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները