Վրաստանի դատախազությունը կոչ է արել նախագահին

17:54   18 Հունվար 2018    255

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Грузия Online»-ին, Վրաստանի դատախազությունը կոչ է արել նախագահին խուսափել Սաակաշվիլիի դեմ գործերը մեկնաբանելուց

Վրաստանի դատախազությունը մեկնաբանել է հայտարարությունները, որոնք երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում՝ կապված դատախազության կողմից երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործերի հետ:

«Մենք լսում ենք հայտարարություններ՝ կապված կոնկրետ գործերի և քրեական հետապնդման հետ, ինչը դատախազության բացառիկ իրավունքն է: Բոլորին հիշեցնում ենք, որ Վրաստանի դատախազությունը և դատախազներն անկախ են իրենց գործունեության մեջ և ենթարկվում են միայն օրենքին: Վրաստանի դատախազության ինստիտուցիոնալ անկախությունը երաշխավորված է Վրաստանի սահմանադրությամբ և օրենսդրությամբ, իսկ դատախազության գործունեությանը միջամտությունն անթույլատրելի է և պատժվում է օրենքով»,- նախազգուշացրել է դատախազությունը ներկայիս նախագահին:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունները կոնկրետ քրեական գործերի առնչությամբ կոմպետենտ չեն, սուբյեկտիվ են և միտված են հասարակությանը մոլորեցնելուն:

Հունվարի 16-ի երեկոյան «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Գեորգի Մարգվելաշվիլին խոսել էր Վրաստանի դատախազության կողմից նախկին նախագահ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործերի մասին: Նա Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած դատավճիռն անվանել էր ծիծաղելի և ամոթալի Վրաստանի իմիջի համար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին:

Սաակաշվիլին, մասնավորապես, մեղավոր է ճանաչվել իր պաշտոնական դիրքի չարաշահման համար 2009 թվականին բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների ներում շնորհելու ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Սաակաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները