2017 թվականն աննախադեպ էր ընդդեմ ԶԼՄ-ների դեմ դատական գործերի առատությամբ

11:52   19 Հունվար 2018    406

2017 թվականին Հայաստանում 11 լրագրող ենթարկվել է ֆիզիկական բռնության, ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ճնշումների 113 դեպք է եղել, 62 դեպքում խախտվել է տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքը։ Այս թվերը ամփոփված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017 թվականի տարեկան զեկույցում։

Ընդհանուր առմամբ անցած տարին, նշված է զեկույցում, հայաստանյան լրատվամիջոցների համար եղել է լարված և բարդ ժամանակահատված՝ պայմանավորված Հայաստանի Ազգային ժողովի, Երևանի ավագանու և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով․ «Այսպիսի ժամանակաշրջաններում ավելանում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները ու տարատեսակ ճնշումները»։

Մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ներառող շրջանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 և խոչընդոտումների 6 դեպք։ Բուն ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու 8 դեպք։

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ խոչընդոտումների 5 դեպք։ Լրագրողների իրավունքների ևս 3 խախտում (մեկ բռնություն և երկու խոչընդոտում) տեղի է ունեցել քվեարկությանը նախորդող քարոզարշավի ժամանակաշրջանում։

«Այս անգամ ևս իշխանությունները մտադիր չեն համարժեք միջոցներ ձեռնարկել՝ լրագրողների իրավունքները խախտած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների և դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու խոչընդոտումների 29 դեպքից միայն 7-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 5-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ, և միայն 2-ն է հասել դատարան», - նշված է զեկույցում։

2017 թվականն աննախադեպ էր ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական նոր գործերի առատությամբ։ Տարվա կտրվածքով ԶԼՄ-ների և/կամ լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասավ 60-ի։ Դրանք բոլորը Հայաստանի քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են։

Զեկույցում անդրադարձ է կատարել նաև 2017-ի առաջին կեսին Արդարադատության նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագծին։

«Փաստաթուղթը լուրջ առարկություններ է առաջացրել։ Օրինագծի լրամշակման աշխատանքները շարունակվում են, բայց առանց մասնագիտացված հասարակական կազմակերպությունների մասնակցության։ Վերջիններիս՝ այդ գործընթացում ներգրավվելու պատրաստակամությունն ու առաջարկությունները նախարարությունն անտեսեց», - ասված է հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները