Համանախագահները կոչ են արել կողմերին կատարել ստանձնած պարտավորությունները

09:37   12 Փետրվար 2018    581

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում եւ Երեւանում տեղի ունեցած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին փետրվարի 7-ին Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի հետ, իսկ փետրվարի 9-ին Երեւանում՝ Սերժ Սարգսյանի հետ: Երկու մայրաքաղաքներում նրանք նաեւ խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի նախարարների հետ:

«Համանախագահները 9-ից 11-ը նաեւ այցելել են օկուպացման տակ գտնվող Լեռնային Ղարաբաղ:

Համանախագահներն ընդգծել են 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւի, ինչպես նաեւ նախորդ գագաթնաժողովների, մասնավորապես՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընթացքում կողմերի ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն կատարման կարեւորությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Միջնորդները խորը մտահոգություն են հայտնել շփման գծում վերջին զոհի կապակցությամբ եւ կոչ արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման եւ հրադադարի պահպանման համար, ինչպես համաձայնեցվել էր Ժնեւում:

Միջնորդները նաեւ կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ բորբոքային հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: «Համանախագահները կրկին հայտարարում են Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների հիման վրա՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման հավասար իրավունքները, հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար կողմերին օգնելու իրենց պատրաստակամության մասին: Համանախագահները ողջունել են կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   ԵԱՀԿ-Մինսկ  


Վերնագիրի այլ պիտակները