WP. Թրամփն առաջարկում է 10 տարում բյուջեի ծախսերը 3 տրլն դոլարով կրճատել

12:23   12 Փետրվար 2018    386

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից) բյուջեի նախագծում առաջարկում է հաջորդ 10 տարիներին բյուջետային ծախսերը 3 տրլն դոլարով կրճատել:

Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը՝ վկայակոչելով վաշինգթոնյան վարչակազմում իր աղբյուրներին:

Պարբերականն ընդգծում է, որ նախագահի բյուջեի նախագիծը չի կարող հասնել հանրապետականների՝ պակասուրդի վերացման վաղեմի երազանքին, քանի որ ԱՄՆ կառավարությունը «ավելի շատ է փող ծախսում, քան եկամուտներից ստանում է»: Այսպես՝ 2017 թվականին բյուջեի պակասուրդը կազմել է 666 մլրդ դոլար, իսկ 2019-ին այն կանխատեսում են 1,1 տրլն-ի մակարդակում: Կիրակի հրապարակված հայտարարության մեջ Սպիտակ տունը պարզաբանել է, որ բյուջեի նախագիծը «հասնում է Վաշինգթոնի ծախսերի ֆինանսական կարգապահության, որը շատերը ներկայիս քաղաքական կոնյունկտուրայում մերժում են, բայց որը առավել քան երբեք շարունակում է կարեւոր մնալ»:

Երկուշաբթի Թրամփը, մասնավորապես, կառաջարկի դաշնային բյուջեից 200 մլրդ դոլար հատկացնել ենթակառուցվածքների արդիականացման ծրագրին, ինչպես նաեւ 23 մլրդ դոլար՝ սահմանների անվտանգության ապահովմանը եւ ներգաղթային վերահսկողության ուժեղացմանը (որից 18 մլրդ դոլարը կծախսվի պատի կառուցման համար), 85,5 մլրդ դոլար՝ վետերաններին բժշկական օգնություն ցուցաբերելու ծրագրերին եւ հաջորդ 2 տարիներին 17 մլրդ դոլար՝ ԱՄՆ-ում ափիոնային նութերի տարածման դեմ պայքարին:

Նախագահական բյուջեի ծրագիրը Կոնգրեսին ուղղված հարցում է, որում նշված են ներկայիս վարչակազմի առաջնահերթությունները: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի օրենսդիրները իրենք են հաստատում կառավարության ծախսերը, որից հետո ամփոփիչ փաստաթուղթը պետության ղեկավարը ստորագրում է կամ մերժում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները